ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կազանում մեդալների արժեքով Հայաստանը 32-րդն է, իսկ քանակով` 28-րդը

Կազանում մեդալների արժեքով Հայաստանը 32-րդն է, իսկ քանակով` 28-րդը
23.07.2013 | 13:49

Համաշխարհային 27-րդ ուսանողական խաղերում Հայաստանը նվաճեց 10 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե: Գոհացնո՞ւմ է արդյոք այս արդյունքը. այս հարցով սկսվեց մեր զրույցը Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, Կազանում 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավարության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:

-Հայաստանը ունիվերսիադաների մասնակցում է 1995 թվականից, և պետք է ասեմ, որ մեդալների նման քանակ մենք երբեք չենք նվաճել: Դա ունի իր օբեյկտիվ պատճառը: Այս տարի Կազան քաղաքում անցկացված համաշխարհային ուսանողական խաղերում ընդգրկված էին այնպիսի մարզաձևեր, որոնք Հայաստանում ունեն լավ ավանդույթներ` ըմբշամարտի բոլոր ձևերը, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ծանրամարտ, շախմատ: Եվ մենք կարողացանք բարձր արդյունքներ ցուցաբերել: Ոսկե մեդալի առումով կրկնեցինք նախորդ ունիվերսիադայի արդյունքը:
-Ինձ համար զարմանալի էր, որ շախմատում չունեցանք ոսկե մեդալ: Ինչով կբացատրեք դա: Գուցե լավագույն մարզի՞կը չի ընտրվել:
-Ընտրվել էին լավագույն ուսանող-շախմատիստները: Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք միջազգային կարգի գրոսմայստերներ են` բավականին բարձր վարկանիշ ունեցող: Զավենը կիսեց առաջին տեղը վարկանիշով 100 միավորով իրեն գերազանցող ֆիլիպինցու հետ, և հաղթողը որոշվեց միայն արմագեդոնի (այդպիսի տերմին կա շախմատում)` մահվան պարտիայի արդյունքում: Միայն բլից խաղում Զավենն ուղղակի չհասցրեց մատ անել, և ժամանակը սպառվեց: Ինձ համար Զավենը հաղթող էր:
-Կային մարզաձևեր, որոնցից ակնկալիքներ ունեինք, սակայն վերադարձանք ձեռնունայն: Պատճառը ո՞րն է:
-Մենք չունեցանք մեդալներ ծանրամարտում, հույսեր ունեինք նախկին ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանից, բայց քանի որ քաշը փոխել էր և այլ քաշային կարգում էր հանդես գալիս, ցավոք, չստացվեց: Ձյուդո, գոտիներով ըմբշամարտ մարզաձևերից մրցանակային տեղեր չունեցանք: Լողորդներից և աթլետից ակնկալիքներ չունեինք: Թեթևաթլետ Աշոտ Հայրապետյանը, որ ներկայացնում է Արցախի պետական համալսարանը, կարողացավ սահմանել Հայաստանի նոր ռեկորդ 1500 մետրում, ինչպես նաև բարելավեց իր անձնական արդյունքը 800 մետր վազքում` անցնելով կիսաեզրափակիչ:
-Հավանաբար ունիվերսիադայի արդյունքները կվերլուծվեն:
-Հետևություններ կարվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների կողմից: Մենք կրթության և գիտության նախարարության (որպես ֆինանսավորող), սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունքում փորձել էինք հավաքել մարտունակ թիմ, որը բերեց 10 մեդալ: Հայաստանի պատմության մեջ նման մեծ միջոցառումից երբեք այսքան մեդալով չէինք վերադարձել: ՈՒնիվերսիադային մասնակցում էր 160 երկիր, 62-ը մեդալներ են նվաճել: Եվ դրանց մեջ մեդալների արժեքով Հայաստանը 32-րդն է, իսկ քանակով` 28-րդը:
-Ռուսաստանն ամենաշատ թվով մեդալներն է նվաճել: Մամուլում կարդացի, որ ՌԴ-ն կեղծ ուսանողների է ընդգրկել իր հավաքականում:
-Չեմ կարծում: Այլ հարց է, որ Ռուսաստանը` որպես կազմակերպիչ երկիր, ընդգրկել էր այնպիսի մարզաձևեր, որոնցից ինքը մեծ թվով մեդալներ նվաճելու հավանականություն ունի: Դրանք մենամարտային ձևերն են, որտեղ նաև շատ կարևոր է մրցավարությունը: Չորս եզրափակիչ մենամարտերում մեր մրցակիցները ռուսներ էին: Իմ սուբյեկտիվ կարծիքով` մրցավարությունը մեծ դեր խաղաց այդտեղ: Եթե նույն բանը տեղի ունենար ոչ Ռուսաստանում, գուցե 1-2 ոսկե մեդալ ավելի ունենայինք:
-Հաջորդ ունիվերսիադան որտե՞ղ է անցկացվելու:
-Հաջորդը Կորեայում է, և արդեն որոշված են այն 21-23 մարզաձևերը, որոնք ընդգրկված են լինելու այդ խաղերում: Այն սպորտաձևերը, որոնք զարգացած են Հայաստանում, Կորեայի ուսանողական խաղերում չեն ներառվելու: Մենք մեդալներ կարող ենք ակնկալել ձյուդոյից, թեքվանդոյից: Մինչև Կորեայի ունիվերսիադան մենք պետք է փորձենք զարգացնել նաև այն մարզաձևերը, որոնք խաղարկվելու են այնտեղ:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ